Օգոստոսի 24-25-ը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կայացավ BWF Female Coaches Mentorship Programme` կին մարզիչների մենթորության ծրագիրը։ Հայաստանից այս ծրագրին մասնակցելու հրավեր էր ստացել Լիլիթ Պողոսյանը։
Միջազգային օլիմպիական կոմիտեի «Օլիմպիական համերաշխություն» ծրագրով ֆինանսավորվող այս միջոցառումը բացառիկ հնարավորություն տվեց հինգ մայրցամաքներից ժամանած 14 կին մարզիչներին՝ ծանոթանալու սպորտային գիտության վերջին հետազոտություններին ու միանալու BWF World Coaching Conference-ին՝ բադմինթոնի միջազգային ֆեդերացիայի մարզչական կոնֆերանսին։
Վերջինիս մասնակցում էին 43 երկրներից ժամանած մարզիչներ, որոնք հնարավորություն ունեցան նաև մարզադահլիճից հետևելու այս օրերին Կոպենհագենի թագավորական մարզադահլիճում ընթացող բադմինթոնի աշխարհի առաջնությանը։
Կոնֆերանսի ծրագիրը հետևյալն էր.
- Հանդիպում Բեն Ռայանի հետ. «Անդադար հաղթող թիմերի մշակույթը»
Բեն Ռայանը Բրենդֆորտ ֆուտբոլային ակումբի էլիտ մակարդակի ելույթների բաժնի տնօրենն է, ավելի լավ հայտնի է որպես 2016 թ Ռիոյի օլիմպիական խաղերը հաղթած Ֆիջիի ռեգբիի հավաքանի մարզիչ։ Երբ Բենը 2013 թ. Դարձավ մարզիչ, Ֆիջիի Ռեգբիի Միությունը սնանկ էր ճանաչվել ու պայմանագրով մարզվող ոչ մի խաղացող չուներ։ Հավաքականն այնքան հիասթափված էր, որ առաջին մարզման ժամանակ մարզիչ Բենը դարձավ ֆիթնես թեստի հաղթող։ Կոնֆերանսի ժամանակ Բենը պատմեց դեպի օլիմպիական խաղերի ոսկի անցած ճանապարհի մասին։
- Հանդիպում Էնդի Վուդի և Ալիսթեյր Հայգամի հետ. «Մոմենտում, խաղի ընթացք և մրցելու արվեստը»
Էնդի Վուդը 40 տարվա պրոֆեսիոնալ մարզչական փորձ ունի։ Նա նախկին պրոֆեսիոնալ բադմինթոնիստ է, Մեծ Բրիտանիայի օլիմպիական գլխավոր մարզիչ և թիմի մենեջեր և բադմինթոնի միջազգային ֆեդերացիայի էքսպերտ խորհրդատու։ Էնդին 2006 թ. դարձել է Միացյալ Թագավորության տարվա մարզիչ և «BBC» տարվա սպորտային մարզիչ։ Ալիսթեյր Հայգամը սպորտային խաղի և մոմենտումի միջազգային մասնագետ է։ Նա աշխատել է պրոֆեսիոնալ թենիսիստների, այլ մարզիկների և թիմերի հետ։ Նրանք ներկայացրին 2022 թ. իրենց համատեղ տպագրած գիրքը՝ «Բադմինթոնում հաղթելու եզրը»
- Հանդիպում Ռա Կյունգ Մինի հետ. «Խառը զուգախաղերում կին խաղացողի դերը, հարձակողական և պաշտպանողական հարվածներ» և «Խարը զուգախաղերում մատուցման և մատուցումն ընդունելու կարևորությունը»
Ռա Կյունք Մինը ներկայումս Կորեայի ազգային սպորտային համալսարանի պրոֆեսոր է, աշխատում է Կորեայի բադմինթոնի ասոցիացիայում, մարզում է Կորեայի կին մարզիկներին և համագործակցում Կորեայի օլիմպիական կոմիտեի հետ։ Ժամանակին մարզել է Կորեայի ազգային հավաքականը։ Որպես խաղացող՝ ասիական խաղերում դարձել է թիմային առաջնության չեմպիոն (1994), խառը զուգախաղերի չեմպիոն (1998), 1996 թ. Օլիմպիական խաղերի խառը զուգախաղերի չեմպիոն է, իսկ 2004 թ. դարձել է կանանց զուգախաղերի բրոնզե մեդալակիր։ 1999 թ. և 2003 թ. Աշխարհի առաջնություններում խառը զուգախաղերի չեմպիոն է։
- Հանդիպում Քենեթ Լարսենի հետ. «Բադմինթոնում մարզչական նոր մոտեցում»
Քենեթ Լարսենը Դանիայի Օլբորգի համալսարանի նախկին պրոֆեսոր է։ Դանիայում լեգենդար մարզիչ, մարզիչների կրթական ծրագրերի էքսպերտ, բադմինթոնի ոլորտում բազմաթիվ թեմաներով հոդվածների հեղինակ։ 2022 թ. Լարսենը հրապարակել է իր «170 մտավոր և տակտիկական խաղի վարժություններ բադմինթոնի համար» գիրքը։ Ներկայումս բադմինթոնի Իսլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչն է։
- Հանդիպում Յան Կիտ Չենի հետ. «Մարզումներ անվասայլակային պարաբադմինթոնի մարզիկների համար»
Շոն Յան Կիտ Չենը Հոնգ Կոնգի հավաքականի նախկին բադմինթոնիստ է։ Լավագույն արդյունքն աշխարհի վարկանիշային աղյուսակում 9-րդ հորիզոնականն է։ Պրոֆեսիոնալ բադմինթոնիստի կարիերան ավարտելուց հետո 2018-2022 թթ. գլխավորել է Հոնգ Կոնգի տղամարդկանց մենախաղերի հավաքականը։ Նրա գլխավորությամբ Հոնգ Կոնգի պարաբադմինթոնի հավաքականը աշխարհի պարաբադմինթոնի առաջնությանը նվաճել է մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալներ։
- Հանդիպում Յան Էկստրանդի հետ. «Վնասվածքները սպորտում»
Յան Էկստրանդը 2000 թ.-ից եղել է Շվեդիայում Լինշոպինգի համալսարանի սպորտային բժշկության պրոֆեսոր։ Նա Շվեդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի սպորտային բժիշկն է եղել։
- Հանդիպում Քրիստիան Լուկե Մանժոնի հետ. «Էլիտ և պարա բադմինթոնիստների ֆիզիկական պատրաստություն»
Քրիստիան Լուկե Մանժոնն այժմ Չինաստանի հավաքականի ֆիզիկական մարզիչն է։ Նա նախկինում եղել է Նանկինում և Բարսելոնայում Սանչես-Կասալ թենիսի ակադեմիայի ֆիզպատրաստության մարզիչ։ Կոնֆերանսի ընթացքում նա ցույց տվեց մի շարք վարժություններ, որոնք կարևոր են բադմինթոնիստների ֆիզիկական պատրաստականության համար։